Աննա Վարդապետյանը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու  դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված դատական նիստին մասնակցած փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազության դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ: Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով:

Լրահոս