«Այս օրենքին մեկ դեմ կամ մեկ ձեռնպահ քվեարկելը խայտառակություն է». Արթուր Թովմասյան

Մենք այս օրենքն ընդունելը ինչ-որ տեղ ուշացրել ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: «Կան դեպքեր, երբ ընտանիքում երեք մարդ զոհվել է, նրանցից երկուսը զինվորական էին, նախատեսված աջակցությունից օգտվում էին, իսկ այդ մեկը, որ այլ մասնագիտություն է ունեցել՝ ոչ: Բայց երեքն էլ գնդակահարվել էին միեւնույն տեղում միեւնույն ժամին: Մենք առաջիօն պատերազմում այս հնարավորությունը չունեինք, որ զոհված, անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ այսպիսի մեծ ծրագրեր իրականացնեինք: Այո, համաձայն եմ, որ պետք է ավելի կատարելագործենք օրենքը, բայց այսօր պետք է կողմ քվեարկենք այս նախագծին: Սա այն լավագույն դեպքն է, երբ մեկ դեմը կամ մեկ ձեռնպահը խայտառակություն է»,-ասաց Թովմասյանը: Օրենքը դրվեց քվեարկության եւ 25 կողմ միաձայն քվեարկությամբ ընդունվեց: Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախգծի ընդունումը պայմանավորված է 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Լրահոս