Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Սեյրան Օհանյան

Իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է եւ չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաեւ իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Այս իշխանության գործողությունների հետեւանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։ Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք առաջ է քաշում ընդդիմությունը»,- ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ կարմիր գծերից մեկն այն է, որ Արցախն իր պատմական տարածքում ինքնուրույն ապրելու իրավունք ունի, իսկ Ադրբեջանի հռետորաբանությունը եւ սադրանքները հուշում են, որ անհնարին է նրանց հետ ապրել նույն պայմաններում։ Հաջորդ կարմիր գիծը, ըստ Օհանյանի այն է, որ Հայաստանը, Արցախին բերելով նման անկլավային իրավիճակի, ձեռքերը լվանալու իրավունք չունի։ «Հայաստանը հանձնառություն ունի Արցախի ժողովրդի անվտանգ եւ կայուն զարգացման համար։ Մեր ողջ ընդդմադիր հանրույթը պետք է ամեն ինչ անի, որ սրանք փաստաթղթեր չստորագրեն, որոնք կվնասեն մեր պետությանը»,- նշեց Օհանյանը։ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ չէր ցանկանա՝ ռուբեն Վարդանյանը հեռանար Պետնախարարի պաշտոնից։ Այդ հեռացումը բացասական հետեւանքներ կունենա Արցախի վրա։ «Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ որպես հաջողված գործարարի եւ բարերարի Հայաստանի ու Արցախի համար։ Ես նրա գործունեությանը Արցախում առաջին հերթին հայրենասիրական տեսանկյունից եմ նայում, թե ով եւ ինչպես է նշանակել նրան, ես տեղյակ չեմ։ Ռուբեն Վարդանյանը սկսել էր գործընթաց, որը գեներացնում էր պայքարի ոգին»,- ընդգծեց նա։

Լրահոս