Այնտեղ գրված չէ, որ ՀՀ-ն պետք է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության ապահովի եւ այն հանձնի խաղաղապահներին. Փաշինյան

Դիտանկյունի հարց է. կարելի է ասել՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ կարելի է ասել՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից, կամ հնարավո՞ր է, որ այս ամբողջ իրավիճակը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու մտադրություն ունի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք Հայաստանի պետական շահերով, սրանից հետո էլ կառաջնորդվենք ՀՀ շահերով որեւէ հարցի վերաբերյալ դիրքորոշում ճշգրտելու, պահպանելու կամ փոխելու ժամանակ»,-ասաց նա: Հարցին, թե որքանով է պաշտոնական Երեւանը ներգրավված ռուս խաղաղապահների հետ բանակցություններում Լաչինի միջանցքը բացելու հարցում, վարչապետը պատասխանեց. «Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում եւ այդ մտահոգությունները բավականին վաղուցվա ծագում ունեն: Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ: Դա ակնհայտ է: Մյուս կողմից պետք է հասկանանք, թե խաղաղապաահներն ինչ գործառույթ են այնտեղ իրականացնում: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այնտեղ գրված չէ, որ երբ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո չէ, Հայաստանը պետք է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության ապահովի եւ այն հանձնի ռուս խաղաղապահներին»: Նա նկատեց, որ ոչ ոք չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են այսօր ապահվում ԼՂ հյության անվտանգությունը. «Բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ու մենք ոչ մի արձագանք չենք տեսել դրա վերաբերյալ: Խծաբերդում ռուս խաղաղապահների պատասխնատվության գոտում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել: Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ հանրությանը պետք է պատասխան տանք: Մենք բերաններս ջուր առած նստած ե՞նք, թե այս հարցերով զբաղվում ենք: Մենք այս հարցերով զբաղվում ենք: Այս հարցերը ես ոչ թե ռուսկան զորախմբի հրամանատարի հետ եմ քննարկում, այլ այդ հրամանտարի գերագույն գլխավոր հրամանատարի հետ»:

Լրահոս