ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ սահմանազատումից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում. Ֆիլիպ Ռիկեր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ընթացքում, անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հավանական խաղաղության պայմանագրի կնքման թեմային: Ռիկերը նշել է, որ Միացյալ Նահանգները խաղաղության գործընթացում ներգրավված է ԵՄ-ի նման գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն: «Ինչպես ցանկացած խաղաղության բանակցությունների դեպքում, դրանք բարդ քննարկումներ են, որոնք կենտրոնանում են պատմության շերտերով բարդացած հարցերի վրա։ Բայց ընթացիկ քննարկումների տեմպն ու խորությունը ցույց են տալիս կարգավորման հստակ ներուժ, որը կարող է ավարտվել տասնամյակներով ձգվող հակամարտությունը: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան երկու կառավարությունների կողմից, այդ թվում՝ հետաքննելու մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքի խախտման պնդումները, պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, դադարեցնելու հռետորաբանության բորբոքումը և խթանելու հաշտությունը»,- ասել է Ռիկերը: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ թեև ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպաստում են կողմերի միջև բանակցություններին, սակայն այս քննարկումների էությունը վարում են իրենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: «Երկու երկրների նախաձեռնությամբ վարվող ուղիղ բանակցությունները, որոնք պայմանավորված են նրանց, այլ ոչ թե արտաքին դերակատարների շահերով, ունեն երկարաժամկետ հաջողության ամենամեծ հնարավորությունը: Մենք ամեն կերպ աջակցելու ենք այդ ջանքերին։ Պետքարտուղարը ոչ միայն առաջարկել է իր խորհրդատվական (օգնությունը-Խմբ.), այլ նաև առաջարկել է ԱՄՆ-ի տեխնիկական աջակցությունը՝ սահմանների սահմանազատումից մինչև տրանսպորտային երթուղիների պլանավորում»,- նշել է դիվանագետը:

Լրահոս