ԱՄՆ-ն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյանն  ընդունել է Լին Թրեյսիին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսիին: Արդյունավետ համագործակցությունը փաստող մտքերի փոխանակումից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանում էր, այնուամենայնիվ, պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: Նա հավելել է, որ հայ-ամերիկյան համագործակցության խորհրդարանական ձեւաչափը նոր նշաձող է սահմանել: Ալեն Սիմոնյանն ընդգծել է դեսպանի կատարած ծավալուն աշխատանքի կարեւորությունը դիվանագիտական եւ հանրային հարթակներում: «Շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հասցեական արձագանքի համար: Նշեմ, որ Միացյալ Նահանգներն առաջինն է արձագանքել միջանցքի արգելափակմանը»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած պարագայում դեսպանը կպահպանի բարեկամական կապերը Հայաստանի հետ:

Լրահոս