ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի պաշտպանությունը Չինաստանի եւ ՌԴ-ի սպառնալիքներից. ազգային պաշտպանության ռազմավարություն

ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի իր ազգային պաշտպանությունը ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի աճող սպառնալիքներից՝ ուշադրությունը կենտրոնացնելով Պեկինի՝ որպես իր գլխավոր գլոբալ մրցակցի վրա, նշվել է Ջո Բայդենի վարչակազմի ազգային պաշտպանության ռազմավարությունում։ Չնայած Ռուսաստանը «սուր անկյուն» է մնում ԱՄՆ-ի համար, նրան «լիովին զսպում են ՆԱՏՕ-ի դեմ հարձակումներից»,- ասել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը։ Չինաստանն «առաջնահերթ մարտահրավեր» է ԱՄՆ-ի համար, որովհետեւ «միակ մրցակիցն է, որը կարող է պարբերաբար մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին բոլոր ուղղություններով՝ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական եւ դիվանագիտական»,- ասել է Պենտագոնի երկրորդ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք առաջին անգամ ստիպված ենք լինելու զսպել երկու հիմնական մրցակցի միջուկային սպառազինությունների ոլորտում՝ Չինաստանին եւ Ռուսաստանին»,- նշել է նա։ «Դա նոր դիլեմա է ստեղծում ինչպես ռազմավարական, այնպես էլ տարածաշրջանային մարտական գործողությունների զսպման համար»։ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ գլոբալ լարվածությունը խորացել է 2018-ից հետո, երբ հրապարակվել էր ազգային պաշտպանության վերջին ռազմավարությունը՝ նշելով, որ այդ ժամանակվանից «իրավիճակը միջազգային անվտանգության ոլորտում վատացել է»։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա միջուկային ռիսկի հիշեցում է, իսկ Չինաստանի միջուկային արդիականացումը եւ նրա արագ ընդլայնումը մեզ համար նոր ռիսկեր եւ անորոշություններ են ստեղծում»,- ավելացրել է պաշտոնյան։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «որոշակիորեն անհանգստացած է» Ուկրաինայի իրավիճակով։ «Մինչ մենք կապի բաց խողովակներ ունենք եւ կարող ենք տեղեկացնել այն մասին, ինչը կարեւոր է մեզ համար, ես կարծում եմ, որ մենք այդ էսկալացիան լուծելու հնարավորություն ունենք»,- ասել է Օսթինը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Պենտագոնի ռազմավարության ներկայացմանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի «միջազգային հանրության շատ լուրջ արձագանքին»։ «Մենք պատրաստվում ենք շարունակել տեղեկացնել, որ այդ զենքի ցանկացած օգտագործում կամ անգամ խոսակցությունն այդ մասին վտանգավոր է եւ անպատասխանատու»։ Եթե Ռուսաստանը կիրառի այն, «դա կփոխի իրավիճակը միջազգային ընկերակցությունում», ասել է նա։ Չինաստանը «ԱՄՆ-ի ազգային անվտանգության առավել համապարփակ եւ լուրջ սպառնալիքն է՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ավելի ագրեսիվ ջանքերի պատճառով», նշվել է ռազմավարությունում։ ԱՄՆ-ն անհանգստանում է Չինաստանի արագ ռազմական արդիականացումից։ Չինաստանը, հավանաբար, «մտադիր է ունենալ 1 000 մարտագլխիկ տասնամյակի վերջին»,- նշվել է միջուկային քաղաքականության ուսումնասիրությունում։ ԱՄՆ-ը «տեսել է, որ Չինաստանը դարձել է ավելի անպատասխանատու Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր պահվածքով, մասնավորապես՝ վերջին տարիներին, ես միայն որպես օրինակ կնշեի Չինաստանի միջուկային պոտենցիալի արդիականացումը վերջին տարիներին»,- ավելացրել է պաշտոնյան։ Այն դեպքում, երբ Չինաստանը ԱՄՆ-ի հիմնական մարտահրավերն է համարվում, Ռուսաստանը «սուր սպառնալիք» է հանդիսանում ԱՄՆ-ի համար, նշվել է փաստաթղթում։ «Ռուսաստանի շարունակվող ներխուժումն Ուկրաինայում ընդգծում է, որ միջուկային վտանգը պահպանվում է եւ կարող է մեծանալ ավելի կոնկրետ եւ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում», նշվել է միջուկային քաղաքականության մասին փաստաթղթում։ Ռուսաստանը «շարունակում է շեշտը դնել միջուկային զենքի վրա իր ռազմավարությունում, արդիականացնել եւ ընդլայնել միջուկային ուժերը եւ միջուկային զենքը թափահարել անվտանգության իր ռեւիզիոնիստական քաղաքականությունում»։ Ռուսաստանը ծրագրում է շարունակել մեծացնել իր միջուկային զինանոցը, որը ներկա պահին ներառում է «1 550 մարտական լիցք ռազմավարական կրիչների վրա, որոնք սահմանափակված են ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր պայմանագրով, ինչպես նաեւ միջուկային ուժեր, որոնց թվաքանակը սահմանափակված չէ ոչ մի պայմանագրով»,- նշվել է փաստաթղթում։

Լրահոս