Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել արցախցի երիտասարդներին՝ մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի և նախանձախնդիր ոգու դրսևորման համար

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։ Ուսանողները Նորին Սրբությանն են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնց նպատակն է մեկ անգամ ևս ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքն է բերել նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու նախանձախնդիր ոգու դրսևորման համար։ Նորին Սրբությունն արցախցի երիտասարդներին նաև տեղեկություններ է փոխանցել արցախյան հիմնախնդրի լուծմանը, Լաչինի միջանցքի վերաբացմանն ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքների մասին։

Լրահոս