Ալեքսեյ Նավալնու դեմ ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցվել

Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը պատիժը կրում է Վլադիմիրի մարզի թիվ 2 ուղղիչ գաղութում, տեղեկացրել է, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել ահաբեկչության մասին հոդվածով։ «Քննիչն ինձ ասաց, որ իմ դեմ ահաբեկչության մասին նոր գործ է հարուցվել, եւ այդ գործով ինձ դատելու է ռազմական դատարանը»,- չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին Նավալնու խոսքերը մեջբերել են ռուսական ԶԼՄ-ները։ Տեղեկությունների համաձայն՝ նոր գործն առանձնացվել է ծայրահեղականության վերաբերյալ գործից, որը Նավալնու դեմ հարուցվել էր 2022թ. հոկտեմբերին։ Ապրիլի 26-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը դիտարկում է քննության միջնորդությունը՝ այն ժամկետների սահմանափակման մասին, որոնց ընթացքում Նավալնին կարող է ծանոթանալ գործի նյութերին։ Քննչական կոմիտեի ներկայացուցչի միջնորդությամբ նիստը տեղի է ունենում դռնփակ։ «Դատավարությունը փակելու փորձով ցանկանում են սահմանափակել գործի նյութերին ծանոթանալու ժամկետն ինձ համար եւ այնպես անել, որպեսզի այդ մասին ոչ ոք չիմանա»,- ասել է Ալեքսեյ Նավալնին՝ նիստին մասնակցելով տեսակապի միջոցով։ Նավալնին նաեւ իր սոցցանցերում տեղեկացրել է, որ իրեն նորից տեղափոխել են տուգանային մեկուսարան, ընդ որում՝ այս անգամ նախորդ պատիժը կրելուց անմիջապես հետո։ «Ինձ համար չեղարկել են բանտերի երկաթե կանոնը, որը սրբորեն պահվում էր թե՛ ԽՍՀՄ-ում, թե՛ Ռուսաստանում. տուգանային մեկուսարանի «հնգօրյայից» հետո պետք է գոնե մեկ օր «բարձրացնել զոնա»՝ եւս մեկ «հնգօրյա» տալուց առաջ»,- գրել է նա։ Նախօրեին Նավալնին տեղեկացրել էր, որ իրեն չեն տալիս այն ուտելիքը, որն ինքն է գնել գաղութի ճաշարանում. «Դա այսպես է կատարվում։ Բացվում է դուռը։ Այնտեղ մենթն է՝ ձեռքին փաթեթ. «Նավալնի, ստացեք գնված մթերքները։ Այսպես, խաշած ձվեր, ստորագրեք։ Մենք դրանք դեն ենք նետում, ժամկետանց են։ Տեսեք, դեռ կարտոֆիլ ունեք եւ բրինձ։ Դեն ենք նետում։ Վաղը կչփանան։ Վաա՜յ։ Բուլկի ունե՛ք։ Տոների՞ն եք գնել։ Ստորագրեք ստացած բուլկիի համար, իսկ այստեղ՝ որ դեն ենք նետել այն։ Արագ փչացող ապրանք է»,- ասել է քաղաքական գործիչը։

Լրահոս