Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ընդդիմադիր 3 պատգամավորների հրաժարականի դիմումների մասին

ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել՝ կապված «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների մանդատը վայր դնելու դիմումների հետ: Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Լրահոս