ԱԺ-ում կրկին լարված էր. անվտանգության աշխատողները դահլիճից հեռացրեցին ընդդիմադիր պատգամավորին

Իրավիճակն Ազգային ժողովում այսօր հերթական անգամ լարված էր: «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը, 2021թ նոյեմբերի 15-ին իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում: «Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ Դուք ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»,-ասաց պատգամավորը: «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- հավելեց նա: Այս ձևակերպմանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ, Սարգսյանը կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ, ինչից հետո լարվեց իրավիճակը: ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել դահլիճից:

Լրահոս