Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի երկրորդ առաջարկն ընդունելի չէ. Աղաջանյան

Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի կողմից երկրորդ անգամ արված առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, ընդունելի չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ–ում ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ «Առաջարկը, որը ստացել ենք մենք, հնարավոր փաստաթղթի մշակման գործնական ընթացք է։ Այսինքն` ի սկզբանե ադրբեջանական կողմից մենք առաջարկներ էինք ստացել, ինչին ի պատասխան նույն առաջարկների շուրջ մեր լրացված տարբերակն ենք ուղարկել` մեր առաջարկները։ Վերջին շրջանում որևէ նման հայտարարություն, որ չեն ընդունում մեր առաջարկները, չի եղել»,–ասաց Աղաջանյանը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից խաղաղության բանակցությունների երրորդ փաթեթին կողմ կամ դեմ լինելուն, ապա Աղաջանյանը նշեց` քանի դեռ տեքստն աշխատանքային փուլում է, որևէ դիրքորոշում` այն ընդունելի է, թե ոչ, վաղ է ասել։ Նա միայն հիշեցրեց, որ խոսքը գնում է նույն փաստաթղթային հիմքի շուրջ աշխատանքների մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը, և հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի վերջը։ Նրա խոսքով` Ադրբեջանը 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է պայմանագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին։

Լրահոս