Ադրբեջանի՝ շփման գծում սադրանքների նպատակը Արցախի հետ բանակցություններում ճնշումների ապահովումն է. պատգամավոր

Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Վերջին օրերին եւ´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, եւ´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն: Նշեմ, որ այս միտումը դրսեւորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում: Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսեւորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ: Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը: Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ եւ այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետեւանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում:

Լրահոս