Ադրբեջանը, դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին․ Աբրահամյան

Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկայացնում, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանրության ուշադրությունը սևեռում է, իր խոսքով, մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է: Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ: Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է, և իմ տպավորությամբ, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին: Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով՝ ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»։

Լրահոս