ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրախորհրդարանի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը: Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում: Նշելով, որ Հայաստանի հետ բարեկամության հիմքում ընկած է ընդհանուր արժեքային համակարգը` ԵԽ պատգամավորները վերահաստատել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու պատրաստակամությունը:

Լրահոս