Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ․ մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։ Մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին' ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550» և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա․Ղ․.-ն, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կրվող հրազենով՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, մի խումբ անձանց հետ, դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակել Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների ուղղությամբ։ Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով: Այդ ընթացքում նրանց են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և ինքնությունները չպարզված անձինք, ովքեր ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վերջինիս հետ հիշյալ վայր ժամանած, ինքնությունները չպարզված անձինք, ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ս․ Ս․–ի մարմնի տարբեր հատվածներին: Այդ ժամանակ դեռևս ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ս․Ս․–ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակւսյն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող մեկ այլ անձի պատճառվել են մարմնական վնասվածքներ: Նռնակի պայթեցման հետևանքով, հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ա․Ղ․ի և Ս․Ս․–ի միջև վիճաբանությունը շարունակվել է Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս․Ս․–ն, դեպքին մասնակից անձանց հետ, դիմել է փախուստի, իսկ Ա․Ղ․–ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ղ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս