Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը ասում է 57 վայրկյանում․ փոքրիկ գիտունիկ Միքայելի նոր ռեկորդները

8-ամյա փոքրիկ գիտունիկ Միքայել Հակոբյանն այս տարի «Դյուցազնագրքում» գրանցել է երեք նոր ռեկորդ։ Ընդհանուր առմամբ նա 80-ից ավելի ռեկորդների հեղինակ է։ «8 րոպե 34 վայրկյանում ես լրացնում եւ ներկում եմ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Մյուս մեդալը ստացել են, որովհետեւ քիմիական տարրերի աղյուսակն ասում եմ 57 վայրկյանում։ Երրորդ ռեկորդն էլ այն է, որ 59 վայրկյանում փակ աչքերով, երկու ձեռքով միաժամանակ գրում եմ 110 տառ, 32 բառ, 8 նախադասություն 59 վայրկյանում 4 լեզվով»,- պատմեց Միքայելը։ Տղայի մոտ տաղանդը ծնողները նկատել են դեռ վաղ մանկությունից, երբ երեխան միանգամից ֆիքսել է իրեն տրված յուրաքանչյուր ինֆորմացիա, ապա ինքն է սկսել դրանցով հետեաքրքրվել։ «Եթե դպրոցում Միքայելին կտեսնեք, կզարմանաք, որովհետեւ իր մանկությունը ոչ մի կերպ չի կորել։ Ինքն ապրում է իր տարիքին համապատասխան։ Մենք սովորելու պրոցեսը խաղի ենք վերածել։ Միքայելի համար սովորելը դարձել է, ոչ թե պարտավորություն, այլ հաճելի գործընթաց։ Բայց մենք բավական դժվար ենք հասել այս ռեկորդներին։ Օրինակ՝ երբ քիմիական տարրերի աղյուսակը կարդալու տեսանյութն ուղարկեցինք Ռուսաստան, ասացին, որ աշխատում է ընդամենը մեկ տեսախցիկ եւ հնարավոր է՝ սենյակում նրան հուշում են կամ ինչ-որ տեղ գրված է։ Շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնք ֆիքսեցին ամբողջ տունը, եւ երեւաց, որ նրան հուշող չկա։ Նախադասությունների ռեկորդում էլ սկզբում Միքայելը գրում էր 1 րոպե 17 վայրկյանում, ես ուզում էի հետ վերցնել հայտը, բայց Միքայելն ասաց, որ կաշխատի եւ կհաջողի։ Այդպես երկու փորձից հետո Միքայելը 59 վայրկյան անց իջեցրեց ձեռքերը գրատախտակից»,- ասաց Միքայելի մայրը՝ Քրիստինե Հակոբյանը։ Չորրորդ դասարանում սովորող Միքայելի համար հետաքրքրիր են բոլոր առարկաները, բայց առավելապես քիմիան եւ ֆիզիկան։ «Ամբողջագետ եմ ուզում դառնամ, որ ամեն ինչ իմանամ, բայց ամենից շատ քիմիկոս ու ֆիզիկոս եմ ուզում դառնալ»,- նշեց Միքայելը։ Ռեկորդների սահմանման հանձնաժողովի ղեկավար, «Դյուցազնագիրք» գրքի հրատարակիչ Վարդան Թովմասյանն ընդգծեց, որ այլ երեխաների կողմից եւս ինտելեկտուալ ռեկորդներ գրանցվել են։ «Երեխա կա, որը մոտ 200 պետության մայրաքաղաքները թվարկում է, մեկ ուրիշ երեխա դրոշներ է ցույց տալիս, եւ ասում է, որ պետությանն է։ Նմանատիպ ռեկորդների դեպքում երեխաների մեծանալուց հետո սովորաբար նորություններ չեն անում, իսկ երեխաները, որոնք աչքի են ընկնում ֆիզիկական վարժությունների ռեկորդներով, մեծանալուց հետո շարունակում են իրենց ռեկորդագրերը»,- նկատեց Թովմասյանը։

Լրահոս