Քաղաքակիրթ հանրությունը պետք է ցանկացած ջանք գործադրի, որպեսզի պահպանվի հայկական Արցախը. Թագուհի Թովմասյան

Հայաստան-Ավստրիա բարեկամական խումբն Ազգային ժողովում հյուրընկալել է Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Էռնստ Ձիձիչին, Սիբիլ Համանին, Յոհաննես Մարգրայթերին, Քրիստիան Օքսոնիչին, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Նիկոլ Խաչատուրովային և Հերբերտ Լանգսներին։ «Խոսելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիաների, էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության մասին, ինչի հետևանքով 120 000 արցախահայությունը զրկվեց իր պատմական հայրենիքից՝ բռնի տեղահանմամբ, արձանագրեցի, որ միջազգային որևէ իրավական նորմ մեր տարածաշրջանում չի գործում։ Տեղահանման օրերին Արցախում սպանվում էին կանայք, երեխաներ, քաղաքացիական այլ անձինք, սակայն միջազգային հանրության կողմից որևէ արձագանք չեղավ։ Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Արցախում մարդկանց սեփականության իրավունքի վերականգնման, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։ Ներկայացրի, թե ինչպես են Ադրբեջանի ձեռքով Արցախի հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, ոչնչացվում մշակութային կոթողները, պղծվում գերեզմանները։ Անդրադարձա Արցախում բենզինի պայթյունի դեպքի դաժան հետևանքներին, որի ժամանակ անգամ առաջին անհրաժեշտության օգնություն հնարավոր չի եղել պատշաճ իրականացնել Ադրբեջանի առաջացրած խոչընդոտների պատճառով։ Նշեցի Արցախի Հանրապետության քաղաքական և ռազմաքաղաքական վերնախավի, բոլոր գերիների անհապաղ վերադարձի, անհետ կորածներին գտնելու ուղղությամբ միջազգային ջանքերի կարևորության մասին: Տեղեկացրի, որ 2020թ․ հունվարի 31-ից Ադրբեջանը միակողմանի դադարեցրել է վերջիններիս որոնողական աշխատանքները։ Ընդգծեցի, որ քաղաքակիրթ հանրությունը պետք է ցանկացած ջանք գործադրի, որպեսզի պահպանվի հայկական Արցախը մինչև արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալը»,- այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Լրահոս