Փաշինյանը պետք է որ լավ հիշի, թե զրպարտություններ հրապարակելու համար ի՛նչ որակումների է արժանացել Վազգեն Սարգսյանից․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբերի 27-ի գործով առանձնացված մասի վերաբացումն ի՞նչ նպատակ ունի իշխանությունների համար՝ հանրության ուշադրությունը շեղելու նպատակո՞վ է, թե՞ կարող է ինչ-որ իրադաձությունների վրա լույս սփռել, հետաքրքրվեցի լրագրողները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից, ով ՀՀԿ խատվիրակության հետ Եռաբլուրում էր՝ հարգելու Վազգեն Սարգսյանի հիշատակը։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ որքան էլ ցավալի է, սակայն այս ողբերգական իրադարձությունից էլ է փորձ արվում քաղաքական դիվիդենտներ շահել։ «Այս իշխանություններն ունակ են ցանկացած ոճրագործություն, արհավիրք, ցանկացած ծանր, դառը, ցավոտ իրադարձություն փորձել օգտագործել իրենց կեղտոտ խաղերի համար։ Իրենք երբեք ոչ մի դեպքում հետաքրքրված չեն արդարադատության, իրականության, որևէ ճշմարտ բան բացահայտելու մեջ։ Դա իրենց չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է իշխանությունը, աթոռը պահելը, երկու լայք փախցնելը, մի քանի հայի ավելի շատ խաբելը, որպես արդյունք՝ մեր երկրի համար ավելի մեծ վտանգ ստեղծելը։ Ես այս հարցում իրենցից որևէ ակնկալիք չունեմ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։ Նա ընդգծեց նաև՝ երբ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան փորձում են իրենց «գաղափարների» և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարների միջև զուգահեռներ տանել, կամ ասենք՝ փորձում են ներկայանալ իբրև Սպարապետի հիշատակի պաշտպան, դա սրբապղծությունից էլ անդին է։ «Շատերը գիտեն, թե ով էր Փաշինյանը, թե ինչպես էր Սպարապետը վերաբերվում Փաշինյանին։ Փաշինյանը պետք է լավ հիշի, թե հայոց փառապանծ բանակի հասցեին 90-ականներին զրպարտություններ հրապարակելու համար ի՛նչ որակումների էր արժանացել Վազգեն Սարգսյանից: Պիտի լավ հիշի, թե իր տարբեր թերթոններում ի՛նչ կեղտ էր թափում հերոսների, մասնավորապես՝ Սպարապետի վրա: Ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր՝ զզվելի արշավներ անել»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Լրահոս