Տիրան Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել, գործով ևս 4 անձ է ձերբակալվել

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա` մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,– նշել է փաստաբանը։ Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել է, որ չի կարող ասել, թե ովքեր են։ «Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ`եթե նորություն լինի, հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,– ընդգծել է փաստաբանը։

Լրահոս