Տիգրան մեծ փողոցի խանութում երեկ տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժ.14.00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոցի թիվ 36 հասցեում գործող խանութում բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 21-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հրդեհի հետևանքով գլխի, պարանոցի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանում ստացած այրվածքներով Այրվածքների ազգային կենտրոն բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ջ․ Ի․-ն։ Այրվել է խանութի, նախնական տվյալներով, մոտ 50քմ տարածք։ Նախաքննության շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Բուժօգնության տեղափոխված անձը ճանաչվել է տուժող։ Վերջինիս առղջական վիճակը, ըստ բուժհաստատությունից ստացված տեղեկատվության, բավարար է։ Հրդեհի առաջացման պատճառների և այլ հանգամանքների պարզման ուղղությամբ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։

Լրահոս