Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված

ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները փետրվարի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում և շարունակում են մնալ չլուծված։ Մասնավորապես՝ • տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ, • հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450-ից ավելի խնամարկյալին սպասարկում է երկու հոգեբույժ), • խնամարկյալների նկատմամբ դրսևորվում է մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցում, • խնամարկյալների զբոսանքի իրավունքի իրացումը չի ապահովվում (տարվա մեծ մասը նրանք զբոսանքի դուրս չեն բերվում), • շարունակում են արձանագրվել զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, մատյանները պատշաճ չեն վարվում, առկա են բազմաթիվ ջնջումներ, ընդ որում՝ հիմնականում փոփոխվել են զսպման միջոց կիրառելու և պարբերական բժշկական զննություն իրականացնելու օրերն ու ժամերը, • բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, • ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ։ Ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ, • դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման գրեթե բոլոր դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել, մասնավորապես՝ մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ, առանձին դեպքերում նաև անոթազարկի վերաբերյալ, • բաժանմունքներում արձանագրվել են դեղորայքի պահման ոչ պատշաճ պայմաններ, • խնամարկյալների պնդմամբ՝ որոշ բաժանմունքներում տևական ժամանակ առկա են կրծողներ, • արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. Խնամարկյալներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով, • բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, առկա է կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն), • տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ և լոգարաններ ունեն վերանորոգման խիստ կարիք, • վերանորոգման խիստ կարիք ունեն խոհանոցի և լվացքատան մասնաշենքները։ Հրատապ անհրաժեշտություն կա թարմացնելու և՛ լվացքատան, և՛ խոհանոցի գույքը, • տուն-ինտերնատում բացակայում է հարմարեցված և մատչելի միջավայրը, օրինակ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու դժվարություններ, • բաժանմունքների ճաշասրահներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն։ Տարածքի և գույքի անբավարարությամբ պայմանավորված՝ խնամարկյալները ճաշից օգտվել են հերթափոխով, բացի այդ՝ առանձնազրույցների ընթացքում խնամարկյալները բարձրաձայնել են տրամադրվող սննդի որակի և ճաշատեսակի կրկնությունների կապակցությամբ իրենց դժգոհությունները: Մշտապես տրամադրվում է միատեսակ, անընդհատ կրկնվող սնունդ (խաշած ձուկ, վերմիշելով փլավ, խաշած կարտոֆիլ և այլն), ինչն անթույլատրելի է: Սուրճ տրամադրվում է լավագույն դեպքում շաբաթական մեկ անգամ՝ ամեն օրվա փոխարեն, • արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, • խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում, • առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն։ Չնայած տուն-ինտերնատում զբաղվածության կենտրոնի առկայությանը՝ բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքը շարունակում է սահմանափակվել հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցով, ինչը որոշ բաժանմունքներում տևական ժամանակ եղել է անսարք, • անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ (խորհրդապահական) կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է ինչպես վերջիններիս սոցիալական կապերի պահպանման, այնպես էլ պատասխանատու պետական մարմինների հետ կապ հաստատելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։ Խնամարկյալներն իրենց ազգականների հետ կապ են հաստատում ամիսը միայն մեկ անգամ՝ սոցիալական աշխատողների անձնական բջջային հեռախոսներով, իսկ լրացուցիչ զանգերի հնարավորություն վերջիններիս տրամադրվում է խնամարկյալների կամ նրանց ազգականների ծննդյան տոներին: Փաստացի հեռախոսակապից օգտվելու համար խնամարկյալներն ուղղակիորեն կախվածության մեջ են տուն-ինտերնատի աշխատակիցներից։ Նման պրակտիկան խնդրահարույց է և կարող է հանգեցնել չարաշահումների: • Դիմումների և բողոքների արկղերը ժամանակին չեն բացվում (մշտադիտարկման այցի ժամանակ բացված արկղիկում առկա է եղել դեռևս 4 ամիս առաջ գրված դիմում-բողոք), • դեռևս լուծված չէ դեպի տուն-ինտերնատ հասանելի հասարակական տրանսպորտի միջոցի առկայության հարցն այն պայմաններում, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ, • շարունակում է արդիական մնալ տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը, • լուծված չեն խնամարկյալների պրոթեզավորման հետ կապված հարցերը, • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն: Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնելու այլ անձանց իրավունքների պաշտպանություն: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն: Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը»։

Լրահոս