Վանաձորի Բաթումի փողոցում ձերբակալել են Երևանի Շինարարների փողոցի երկու բնակչի, որոնք փորձել են Տելեգրամի միջոցով ձեռք բերած թմրանյութերն իրացնել

Ոստիկանությունից տեղեկացնում են․ «Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի: Ըստ նրա` փաթեթներից հինգում մարիխուանա է, յոթում` «էքստազի» տեսակի թմրամիջոց: Նա հավելել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տելեգրամյան կայքէջի միջոցով և նախորդ օրը ցերեկը վերցրել մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի 52 հասցեի մոտի թաքստոցից: Ըստ նախնական տեղեկությունների` 31-ամյա երիտասարդը 28-ամյա մտերիմի հետ ու նրա մեքենայով գնում է Վանաձոր` ձեռք բերած թմրանյութը տելեգրամյան միջոցներով իրացնելու նպատակով: Մինչ հյուրանոցում տեղավորվելը` նրանք հասցնում են Վանաձորի որոշ հատվածներում, հատուկ թաքստոցներում տեղադրել թմրանյութով փաթեթներ: 31-ամյա երիտասարդը պատրաստակամություն է հայտնել ցույց տալու մարիխուանայով լցված 12 փաթեթի թաքստոց: Նաև հավելել է, որ հյուրանոցում թմրանյութ է օգտագործել ու հյուրասիրել ընկերոջը, իսկ թմրամիջոցի մնացած մասն էլ դեռ հյուրանոցի պահարանում է: Երիտասարդների մոտ նաև հայտնաբերվել ու առգրավվել են բջջային հեռախոսներ: Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

Լրահոս