Սերբիան և Եգիպտոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Սերբիան և Եգիպտոսը շուտով համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հիմնականում՝ հատուկ նշանակության ջոկատների, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Սերբիայի ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Եգիպտոսում է։ Շաբաթ օրը նա հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ և ընդգծել, որ Եգիպտոսի առաջնորդն այժմ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով ցանկանում է խաղաղություն աշխարհում և շնորհակալություն է հայտնել «ուկրաինական ճգնաժամի և այլ թեժ հակամարտությունների վերաբերյալ նրա իմաստուն խոսքերի համար»:
«Մենք քննարկել ենք աշխարհաքաղաքական բոլոր հարցերը, խոսել համագործակցության կոնկրետ տեսակների մասին՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն։
Շատ շուտով տեղի կունենան սերբական և եգիպտական բանակների, առաջին հերթին մեր հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները»,- ասել է Վուչիչը:
Սերբիայի և Եգիպտոսի կառավարական պատվիրակությունները շաբաթ օրը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր և ևս 10 փաստաթուղթ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։