Սա կեղծ մեղադրանք է, որի նպատակն իմ նկատմամբ ճնշում գործադրելն է. Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
«Ոչ արդար դատավորը չի կարող արդարադատություն իրականացնել, ճնշման տակ գտնվողը չի կարող արդարադատություն իրականացնել, իսկ մեր կարգի երկրներում, երբ դատախազությունը փաստացի գտնվում է գործադիր իշխանության ազդեցության տակ կամ ենթակայության ներքո, գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ բանեցնելու միակ գործիքը ապօրինի քրեական հետապնդումն է, «սարքած» քրեական ընթացակարգեր սկսելն է։ Ուրիշ բան չկա»,-հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը։
Նա պնդեց, որ եղածը կեղծ մեղադրանք է, որի նպատակն իր նկատմամբ ճնշում գործադրելն է։
Ըստ Թովմասյանի՝ քրեական գործը հարուցելիս խախտում է թույլ տրվել։
«Իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիությունն անտեսվել է։ Մեղադրանքը կարող է տևական վնաս հասցնել դատավորի համբավին։ Սա իմ մասին է։ Տևական ժամանակ իմ համբավին վնաս է հասցվում։ Համբավ, որը ես մեկ օրում չեմ հավաքել, բայց մի դատավորի կեղծ մեղադրանքի հետևանքով փորձում են այս համբավն արատավորել»։