Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է. Գերասիմ Վարդանյան
Այսօր իշխանական որոշ լրատվամիջոցներ ինձ վերագրվող ինչ-որ ձայնագրություն են հրապարակել, որի նպատակը պարզ է մեզ համար՝ ինձ վարկաբեկել ու ինչ-որ մտացածին հիմքեր ստեղծել ինձ կալանավորելու համար. այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է:
Հասկանալի ու ինձ համար սպասելի է այս գործելաոճը. ինչպես անցած անգամ ինձ շուրջ 7 ամիս կալանավորելով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական- ժողովրդական ընդվզումից, «Դիմադրություն» շարժմանն իմ մասնակցությունն ունենալու իրավունքից, նույնը կատարում են հիմա՝ մեր պետության համար այս ճակատագրական օրերին փորձելով ինձ զրկել իմ ժողովրդի արժանապատվության համար մղվող պայքարի մասնակիցը լինելու իրավունքից:
Ես բանտի դարպասների դիմաց եմ ասել, որ թքած ունեմ իրենց կողմից տրված թե՛ ազատության, թե՛ անազատության վրա, ինձ համար կարևորը մեր հայրենիքի ազատությունն է: Հիմա ևս հաստատում եմ:
Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել դրանով:
Իմ կյանքն ու ազատությունը պատկանում են իմ երկրին ու հայ ժողովրդին:
Հ.Գ. Ընկերներիս ու ինձ հետ պայքարող հայրենակիցներիս կոչ եմ անում շարունակել Սրբազան պայքարը մինչև վերջ, և եթե հիմա սրանք որոշել են շինծու մեղադրանքով ինձ նորից բանտախուց վերադարձնել, ես ձեզ հետ կպայքարեմ այնտեղից»,-գրել է նա։