Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ ու ասել, որ լավ վիճակում է

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որն առևանգվել է Ադրբեջանի կողմից, կապ է հաստատել ընտանիքի հետ, ասել, որ լավ վիճակում է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու հետ։ -Դուք տեղեկություն ունե՞ք Ռուբեն Վարդանյանի մասին։ Կարողացա՞ք կապ հաստատել նրա հետ։ -Այո՛, երեկ և անցած երեքշաբթի նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ինչքան հասկացա՝ զանգը շատ կարճ է եղել։ Նա ասաց, որ լավ վիճակում է: Այլ մանրամասներ չեն քննարկել։ Նա ասաց, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում: -Նա չի խնդրե՞լ ինչ-որ բան փոխանցել: -Որքան գիտեմ՝ ոչ։ Պարզապես խնդրեց, որ հոգ տանենք բոլոր նրանց մասին, որոնք ներկայումս տուժում են այս ամբողջ իրավիճակից: -Նրան այցելե՞լ են Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ -Ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ ներկայացուցիչները (ԿԽՄԿ-խմբ.) կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել նաև հորս և այլ գերիների հետ։ - Հիմա դուք աշխատում եք կազմակերպել միայն Ռուբեն Վարդանյանի՞ վերադարձը, թե՞ նաեւ այլ գերիների: -Հայաստան պետությունը նաև հայց է ներկայացրել միջազգային ատյաններ ոչ միայն հորս, այլև Ադրբեջանի կողմից տարված բոլոր գերիներին ազատ արձակելու համար։ Հոկտեմբերի 12-ին Հաագայում դատավարություն է լինելու նրանց հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։ Մենք մեծ հույս ունենք, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա: Իհարկե, մենք նաև քայլեր ենք ձեռնարկում հորս ազատելու համար, բայց այս մասին դեռ վաղ է խոսել։ - Տեղեկություններ կային, որ ընտանիքն ունի իր փաստաբանը։ Ո՞վ է նա և ինչպե՞ս կարողացաք ներգրավել այս փաստաբանին։ -Այո, դա ճիշտ է: Հասարակական կազմակերպություններից մեզ փոխանցված կոնտակտների, ինչպես նաև ծանոթների միջոցով մենք կարողացանք կապ հաստատել տեղացի փաստաբանի հետ, որին վարձել էինք հորս շահերը ներկայացնելու համար: Այս փաստաբանն այժմ ներկայացնում է մեր շահերը Ադրբեջանում։ - Ադրբեջանը չի ենթարկվում միջազգային դատարանների որոշումներին: Ի՞նչ երաշխիք կա, որ օրինական ճանապարհով հնարավոր կլինի հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ -Ես, ինչպես շատ ուրիշներ, կարծում եմ, որ մարդկային արժեքները և օրենքը, բոլոր դեպքերում գործում են, և որ Արդարադատության միջազգային դատարանը դեռևս ազդեցություն ունի։ Ես գիտեմ, որ նախկինում խնդիրներ են եղել Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրականացման հետ կապված, բայց ես իսկապես հավատում եմ այս հաստատություններին և հուսով եմ, որ այս գործընթացը կօգնի ազատել հորս:

Լրահոս