Պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի ազգային շահը. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է հասկանա՝ արդյոք դա անվտանգ է, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ դաշինքը շատ ոգևորված է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ Հայաստանի անցումով դեպի դաշինք։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտերմություն, ապա նա պետք է հասկանա, թե արդյոք դա անվտանգ է և ինչի կարող է հանգեցնել», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ շատ պետություններ հայտնվել են հակամարտությունների մեջ, կորցրել են իրենց անկախությունը, ստիպված են եղել ենթարկվել այլոց կամքին և չեն կարողացել պաշտպանել իրենց ազգային շահերը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը՝ Հայաստանը պետք է վերլուծի այս բոլոր տվյալները, բացի քարտեզ, տեսնի, թե որ շրջանում է գտնվում և ում կողմից է շրջապատված։
«Մենք պետք է վերլուծենք այս ամենը և հասկանանք, թե որոնք են բուն Հայաստանի ազգային շահերը, ի՞նչն է ձեռնտու, ի՞նչն է բերում կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ օգուտներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։