Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան

Փաստաբան Սոս Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքին՝ հայտնել է, որ միայն այն հանգամանքը, որ խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ, նրանց մասնակցությամբ, դեպքը դարձնում է առավել զարհուրելի: Ըստ նրա պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել։ - Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ամենասարսափելի երազում գուցե անգամ չկարողանայինք տեսնել: Հակոբ Ասլանյանին «ՔՊ-ական դավաճան, վիժվածք» անվանելու համար ՀՀ քաղաքացի, ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ խուլիգանության եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդման մեղադրանք են առաջադրել, ձերբակալել եւ ՁՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել։ Իսկ դատարանը ոչ միայն չմերժեց կալանքի միջնորդությունը, այլեւ տնային կալանք սահմանեց եւ 7 միլիոն դրամի գրավ: Ի՞նչ անուն կարող ենք տալ կատարվածին: - Խուլիգանության հատկանիշներ չկան: Իշխանական պատգամավորին ուղղված սուր քննադատությունը հանցագործություն համարվել չի կարող, խուլիգանություն նույնպես չի կարող համարվել: Նպատակը հստակ է, ինչ վերաբերում է խոշտանգման դեպքին, ապա ասեմ, որ դա չլսված բան էր պրակտիկայում, ավելի տարեց մարդիկ ասում են, որ անգամ առաջ` թերզարգացած իրավակարգի պայմաններում, նման դեպքեր չեն եղել: Միայն այն հանգամանքը, որ խոշտանգումը տեղի է ունեցել ոստիկանների հսկողության տակ, նրանց մասնակցությամբ, դեպքը դարձնում է առավել զարհուրելի: Ոստիկանությունն այդ ամենին ներգրավված է եղել, որովհետեւ խոշտանգումը եղել է իրենց թողտվությամբ: Սա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն` իրավունքի, բարոյականության ու պետականության տեսանկյունից: Սա ծայրահեղ այլանդակ արարք է, անկախ նրանից, թե որ տեսանկյունից ենք նայում: Սա այն բանն է, որ առնվազն 30 տարի գոնե մեզ մոտ նման բան չպետք է լիներ: Պետականություն ունեցող երկրներում չպետք է նման դեպքեր տեղի ունենան: Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել: - Նախկիններին դագաղներով ու հայհոյանքներով մերժած ռեժիմին պատկանող Քննչական կոմիտեն այս երիտասարդին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով: Այսինքն` ստացվում է, որ իրենց ամեն ինչ կարելի էր, սակայն այսօր իրենց ընդդիմացողներին չի կարելի անգամ քաղաքական հայտարարություններ անել ու որակումներ տալ: Ի՞նչ է սա նշանակում: Ի դեպ, գուցե վաղն էլ լրագրողներին նույն այս հոդվածով դատեն` ՔՊ-ին քննադատելու համար: - Դա առհասարակ նոր ներմուծված հանցակազմ է: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաներով ատելություն տարածելու մասին է: Սա նույն՝ երրորդ անգամ ապաքրեականացված վիրավորանքի ապաքրեականացված տարբերակն է: Եվրոպական խորհրդին միանալու պայմաններից մեկը վիրավորանքի ապաքրեականացումն է: Հիմա այս ձեւով փորձում են նորից վիրավորանքի հոդվածն ասպարեզ բերել: Ստացվում է, որ իշխանական շրջանակն է այս հոդվածի կարմիր գծեր սահմանողը: Սրանք դիկտատուրայի հստակ էլեմենտներ են, Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում: Այլ գնահատական չկա այստեղ: - Սամվել Վարդանյանի խափանման միջոցը տնային կալանքն է: Շատերն ուրախացան, որ ակտիվիստը չի կալանավորվել` բերդում չի նստելու, այլ ընդամենը տնային կալանքի է ենթարկվել, սակայն տնային կալանքը կալանքից հետո երկրորդ ամենածանր խափանման միջոցն է: Դրան գումարած՝ 7 միլիոն դրամ գրավը, որն ամեն մեկի համար մատչելի գումար չէ: Ի՞նչ կասեք այս մասով: Ինչո՞ւ են քաղաքական գործերով դատարանի որոշումներն այսքան միանման, եւ ինչո՞ւ դատավորները չեն մերժում այս միջնորդությունները: - Պատկերացրեք՝ ինչ աստիճան է վատացել վիճակը, որ դատավորը, հասկանալով, որ մարդը ոչինչ չի արել, տնային կալանք է տալիս, իսկ փաստաբանները ստիպված բավարարվում են նրանով, որ անձը գոնե ազատազրկված չէ, ընտանիքի կողքին է, շրջապատված է ընտանիքի անդամներով: Այդ աստիճան ողբալի վիճակում են դատարաններն ու քննչական մարմինները: Մաստակ ծամելու դյուրինությամբ մարդկանց կալանավորում են այսօրվա դատարանները` առանց վարանելու, երկար-բարակ մտածելու: Օրինակ, Մալյան Նարեկը յոթ-ութ ամիս է՝ ազատազրկված է չգիտես թե ինչի համար, սա՝ այն դեպքում, երբ կան մարդիկ, ովքեր սպանության փորձի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար ազատության մեջ են: Այսինքն` անգամ առողջությանն ու կյանքին վտանգ հասցրած մարդիկ շատ դեպքերում ավելի մեղմ վճիռներ են դատարանից ստանում, քան ազատ խոսքի մասով գործերը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս