Պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշակի մոտեցումներ վերանայել ու բարելավել է. Բեգլարյան

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որն ավելի քան 4 տասնյակ ՀԿ-ների և ակտիվ անհատների խորհուրդ է, 4 շաբաթվա ընթացքում որոշակի համախմբում կարողացել է ապահովել, արդյունքներ կան, թեև դեռևս աշխատանքներ կան անելու. ասուլիսին հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։ «Մեր պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշակի մոտեցումներ վերանայել և բարելավել է։ Մասնավորապես, եթե նախքան մեր նախաձեռնության մեկնարկը հայտարարվում էր, որ ապրիլից էականորեն կրճատելու են գործող բնակվարձի աջակցության ծրագիրը, ապա մարտի վերջին կառավարությունը հաստատեց նոր որոշում․ մինչև տարեվերջ նախկին ծրագիրը երկարաձգել՝ ընդլայնելով նաև շահառուների շրջանակը։ Ներառվել են նաև 2020-ի տեղահանվածները, ինչը կարող ենք համարել միջանկյալ կարևոր արդյունք»,-ասաց Բեգլարյանը։ Նա նաև նշեց, որ բանավոր և պաշտոնական հայտարությունների մակարդակում մի քանի էական կետերի շուրջ բնակարանային առաջիկա ծրագրի մասով վերանայումներ են եղել։ «Բայց սկզբունքային մի շարք հարցերի մասով դեռևս խնդիրներն առկա են։ Մեր դիրքորոշումները հայտնել ենք մարտի 20-ի հանրահավաքից հետո՝ հայտարությամբ, որտեղ սկզբունքային կետերը ներկայացված են և որոնց շուրջ պատրաստ ենք հանրային քննարկումների»,-ասաց նա։ Բեգլարյանը կարևորեց, որ փորձել են Արցախի Հանարապետության պետական մարմինների կարիծքներն էլ հնարավորինս հաշվի առնել՝ քննարկումներ ունեցել են։

Լրահոս