Չինարիի դպրոցում հաստատվել են մտավախությունները՝ Հեղինե Աղասյանի ընտանիքի անդամներն իրենց էլ են ուսուցչանոցում գաղտնալսել

Մայիսի 25-ին Բագրատ Սրբազանի հյուրանոցային սենյակում Չինարի գյուղի բնակիչ Հեղինե Աղասյանի կողմից գաղտնալսման սարքի տեղադրման փորձի մասին տեղեկության հրապարակումից հետո, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցում խառնաշփոթ է առաջացել: Դպրոցի աշխատակիցների մոտ հաստատվել են ավելի վաղ ունեցած մտավախությունները, որ Աղասյանի ընտանիքի անդամների կողմից դպրոցում գաղտնալսման սարք է տեղադրված եղել: Հեղինե Աղասյանի մայրը այդ դպրոցում պատմության, իսկ քույրը՝ աշխարհագրության ուսուցիչներ են: «Ես վախենում եմ, որ կոնկրետ մեր ուսուցչանոցում էլ մեզ գաղտնալսած լինեն իրենք: Որոշակի խոսակցություններ են եղել ուսուցչանոցում, հաջորդ օրը եկան պարզաբանման: Դեռ այն ժամանակ մենք եզրակացրել էինք, որ գաղտնալսում են մեզ: Հիմա վերջնականապես ուզում եմ հավատալ, որ ուրեմն՝ մեզ էլ են լսել»,-Aravot.am-ին ասել են դպրոցից: Նշել են նաև, որ Հեղինե Աղասյանի քույրը՝ Չինարիի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին, «սև ցուցակ» է գցել դպրոցի տնօրենին, որ վերջինիս զանգերին չպատասխանի. «Ավելին չեմ կարող ասել, սրանից հետևություններ արեք: Իրենք հանդուգն, չենթարկվող մարդիկ են, չգիտեինք՝ իրենց կապերը մինչև ուր են հասնում»: Ի դեպ, աշխարհագրության ուսուցչուհին՝ տիկին Աղասյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում իր քրոջը վերագրվող արարքի մասին հարցը լսելուց հետո ասել է, որ իրեն այդ հարցով չզանգեն ու անջատել հեռախոսազանգը:

Լրահոս