Չէի ասի, որ ԼՂ-ում խաղաղապահների գործունեությունը սպառել է իրեն. չի կարելի բացառել, որ հեռացածներից ոմանք կվերադառնան. Գալուզին

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է ավելի քան պահանջված, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ չի տրվել, «RBC»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Գալուզինը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հսկայական դեր է խաղացել սեպտեմբերի 20-ին զինադադարի հասնելու և Ղարաբաղի բնակիչներին օգնություն տրամադրելու գործում՝ մինչ նրանց զանգվածային դուրսբերումը Ղարաբաղից։ Նա ընդգծել է, որ խաղաղապահների աշխատանքը «անհրաժեշտ կլինի» ապագայում։ «Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ, իսկ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար անվտանգության լրացուցիչ գործոն կլինի», - պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա նաև հավելել է.«Ուստի ես չէի ասի, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն»։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։ «Մենք խոսում ենք այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական ​​համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։ Այս ամենը միասին պետք է հանգեցնի նորմալացման փոխադարձ ընդունելի պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում», - նշել է նա։

Լրահոս