Չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին մեղադրվի գրերի գյուտի համար. Հոգևորականն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Պապ թագավորի մասին հայտարարություններին. «Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․ Վերջին տարիներին որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ Պապ թագավորի դավադրաբար սպանության մեջ։ Այս վարկածին տուրք տվողները որևէ աղերս չունեն ո՛չ հայ և ո՛չ էլ համաշխարհային պատմագրության և պատմագիտության հետ։ Պապ թագավորը, ի տարբերություն մերօրյա իշխանավորների, խորապես գիտակցում էր Հայ Եկեղեցու և եկեղեցականության դերն ազատագրական պայքարում (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 121)։ Մերօրյա պատմագիտական միտքը, համադրելով հայ և օտար պատմիչների հաղորդած տեղեկությունները, փաստում է, որ թագավորի սպանությունը բացառապես պայմանավորված էր նրա վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերություններով (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 138)։ Հայ-պարսկական հարաբերությունների կարգավորմանը միտված թագավորի քաղաքականությունն ի վերջո առաջացրեց Հռոմեական կայսրության դժգոհությունը։ Եվ հենց Հռոմեական կայսրությունը դավադրաբար կազմակերպեց Պապ թագավորի սպանությունը (Հայոց պատմություն, հ․ II, գիրք առաջին, Երևան, 2018, էջ 139-143), և եկեղեցին որևէ դերակատարություն և որևէ մասնակցություն չի ունեցել։ Սա գիտություն է, փաստ է, և ոչ ոք չի կարող որևէ ամբիոնից բռունցքով հարվածել այս փաստ-մեխին։ Իսկ եթե կարելի է անտեսել փաստերը, ապա չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին նաև մեղադրվի գրերի գյուտի, թարգմանական և ինքնուրույն գրականություն ստեղծելու, գրատպության, ճարտարապետության, բժշկագիտության, տոմարագիտության, ազատագրական պայքարի, հայդուկային շարժման համար․․․ Այո՛, համակարծիք ենք, որ ոչ միայն Պապ թագավորը չի սպանվելու, այլև չեն սպանվելու Տրդատ Մեծը, Խոսրով Կոտակը, Արշակ Երկրորդը, Վռամշապուհը․․․․։ Սակայն հարկ ի լուր և ի հեճուկս հողմաղացների դեմ մերկ ձեռքերով պայքարողների՝ հայտարարել, որ այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․․։ Հ․Գ․ Խնդրո առարկա ժամանակաշրջանում ձեռնադրությունն ազդեցության գործոն, ասել է թե գործակալ բնորոշողներին, հորդորում ենք վերապատրաստման անվճար դասընթաց անցնել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում՝ հետևելով հազարամյակներ շարունակ և առ այսօր Հայրենիքի և Եկեղեցու անկախության համար մաքառող Հայ Եկեղեցու պատմության դասընթացին՝ սերտելով Ս․ Գրիգոր Լուսավորչի, Ս․ Ներսես Մեծի, Ս․ Սահակ Պարթևի, Ս․ Մեսրոպ Մաշտոցի, Ս․ Հովհան Օձնեցու, Ս․ Գրիգոր Նարեկացու, Ս․ Ներսես Շնորհալու, Ս․ Գրիգոր Տաթևացու, Ոսկան Երևանցու, Սիմեոն Երևանցու, Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Սուրենյանցի, Վազգեն Առաջինի հայրենաշեն կյանքն ու գործունեությունը։ Ահա սա է պետք վերապատրաստվող ուսուցիչներին և առաջին հերթին նրանց վերապատրաստման ուղղորդողներին»։

Լրահոս