Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Թաթոյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու՝ հաշվի առնելով այն ամոթալի արշավը, որը սկսված է Հայ Առաքելական եկեղեցու և մեր հոգևորականների նկատմամբ, նաև Տավուշում սահմանազատման համար, որը սահմանազատում չէ։ Ով կարող է հիմնավորել այն, որ սա սահմանազատում է, ուրեմն անում է դա քաղաքական շահերից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ Տավուշում սահմանազատման արդյունքում անվտանգային լուրջ խնդիրներ են լինելու, փակվելու են գյուղեր, մարդիկ չեն ունենալու անվտանգ տեղաշարժվելու իրավունք․ «Տեսեք, թե մեր ժողովուրդը Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում ինչ զրկանքների է արժանացել, այդ նույնը սպասվում է Տավուշում։ Մարդիկ զրկվել են իրենց հողերից, տներից, Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում անգամ գետից ջուր խմել, մեր երեխաները դպրոցում սովորում են ադրբեջանական զինծառայողների թիրախի ներքո, դիրքերն այնքան մոտիկ են, որ լսվում է ադրբեջանցիների խոսակցությունը»,-ասել է նա։