«ՈՄԱ»-ի «Գմբեթ 2» ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. ««ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել: Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում է, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»: ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել՝ ավելացնելով, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև, առհասարակ, որևէ դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։ Մի կողմից կա ՊՆ արձագանքը, մյուս կողմից «ՈՄԱ»-ի պնդումը ու այս պարագայում ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ այս թեման, այնուամենայնիվ, քննարկվել ու համաձայնացվել է, բայց դժվար է ասել, թե իշխանական որ կաբինետում և կոնկրետ ում հետ, համենայն դեպս ՊՆ-ի տեղեկացմամբ` ոչ իր: Սակայն, ծրագրի դրամահավաքային ու կազմակերպչական բաղադրիչն ու ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ: Ի դեպ, «ՈՄԱ»-ի այս ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին, ով անդրադառնալով առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացմանը, նշել է, որ չեն կարող ներկայացնել պաշտպանական գծերի աշխատանքների մեծ ծավալը` ոչ թե «ՈՄԱ» հողաթմբերը, այլ հիմնական կառույցները, որոնք էֆեկտիվ բարձրացնում են զինորի կյանքի անվտանգությունը: Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնի է նրանով, որ լավ գիտի, թե որ թեման ինչպես տապալի: Հենց միայն իր հայտնվելն ու ինչ-որ թեմային անդրադառնալը` լավով, թե վատով, արդեն իսկ ունակ է վարկաբեկել նույնիսկ առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած նախաձեռնություն: Նրան իշխանության մեջ հենց դրա համար էլ պահում և կիրառում են: Ինքս չեմ տիրապետում «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող աշխատանքների նախագծին ու դրա բնույթին` պարամետրերից մինչև որակ, բայց այս թեման առաջին պլան բերեց իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները»։

Լրահոս