Ողբերգական ավտովթար. ՊՆ փոխգնդապետը մեքենայով գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում. կա զոհ

Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Աբովյան-Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս