Շինարարական աշխատանքների հետևանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները․ Մանասյան

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝ ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց իրավուքների խախտումների վերաբերյալ: Առավել մտահոգիչ է այն, որ որոշ դեպքերում ներկայացված բողոքներում բարձրացվում է այն հարցը, որ այդ աշխատանքների հետևանքով խաթարվում է նաև հարևանությամբ գտնվող դպրոցներում դասապրոցեսների բնականոն ընթացքը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կրթության իրավունքի պատշաճ իրացումը երեխայի` Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքն է, որի իրացման ապահովման առաջնային և կարևորագույն օղակներից են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Պաշտպանն ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննարկվող ամբողջ ոլորտում պետության կողմից կա´մ մշակված չեն գործիքակազմեր, կա´մ դրանք չեն կիրառվում անհրաժեշտ և բավարար մեթոդաբանությամբ` արդյունքում հանգեցնելով քաղաքացիների տարատեսակ իրավունքների խախտումների: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ»:

Լրահոս