Շախմատը բնույթով պայքար է, իսկ ես սիրում եմ պայքարել և հաղթել․Նարեկ Վարազդատյան

Այսօր մեր զրուցակիցն է «Միկա»  ակումբի սպորտային տնօրեն,շախմատի միջազգային կարգի մարզիչ, Արենա միջազգային վարպետ Նարեկ Վարազդատյանը,ով երիտասարդ տարիքում հասցրել է աշխատել Իսպանիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների և ՌԴ պատանիների հետ։   

 

Դուք  շախմատի մեծ սիրահար եք: Ինչո՞ւ եք սիրում շախմատը:

 Նախ շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար, շախմատ սիրել եմ դեռ մանկուց, միշտ ուշադիր հետևել եմ ավագ սերնդի շախմատիստների պարտիաներին: Շախմատը բնույթով պայքար է, իսկ ես սիրում եմ պայքարել և հաղթել:

Համատեղության կարգով նաև Դուք Միկա մարզական ակումբի սպորտային տնօրեն եք։Ինչպե՞ս եք համատեղում Ֆուտբոլը և Շախմատը։

 Ես բացի շախմատից զուգահեռաբար մարզվել եմ նաև ֆուտբոլով, հավասարաչափ սիրում եմ երկու սպորտաձևերն էլ, այնպես ստացվեց, որ կարողացա շախմատային ակումբ հիմնել նաև «Միկա» սպորտային ակումբում՝ միառժամանակ համատեղելով ֆուտբոլային մարզումների հետ: Բարձր եմ գնահատում, երբ ֆուտբոլիստը նաև տիրապետում է շախմատին, քանի որ վերջինիս օգնում է ճիշտ կողմնորոշվել, արագ որոշումներ կայացնել և երբեք չհանձնվել: Ինչ խոսք, գրագետ ֆուտբոլիստների կարիք ունենք, փորձում ենք լրացնել այդ բացը:

Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանում շախմատի Ֆեդերացիայի գործունեությունը և Շախմատի զարգացումը։

ՀՀ շախմատի ֆեդերացիան ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանում շախմատի զարգացմանն ու մասայականությանը նպաստելու գործում:

Տեղյակ ենք,որ Ձեր սաներից մասնակցում են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում 4-րդ կարգի որակավորման մրցաշարին,ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր սաներից։

 Այո այս օրերին անցկացվում է 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որին մասնակցում են նաև իմ սաները: Հատկապես հրաշալի մարզավիակում է Արեգ Մուղնեցյանը, ով միակն է, ում հաջողվել է հաղթել խաղացված բոլոր 6 պարտիաներում: Արեգն արդեն ստացել է 4-րդ մարզական կարգի որակավորում, սակայն պայքարում ենք չեմպիոնության համար: «Միկա» սպորտային ակումբի սան Ալեքս Համբարձումյանը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և շարունակում է պայքարը մարզական կարգ լրացնելու համար:

Իսկ Ձեր որդին զբաղվո՞ւմ է շախմատով,թե՞ նախընտրում է ֆուտբոլը։

Տղաս՝Լեոն, չնայած դեռ 4 տարեկան չի դարձել, սակայն մարզվում է թե՛ ֆուտբոլով, թե՛ շախմատով, հավասարաչափ սիրում է թե՛ ֆուտբոլը, թե՛ շախմատը:

Եվ ի վերջո երեխաները այսօր հետաքրքրվա՞ծ են շախմատով,կամ ընդհանրապես սպորտով։

 Կարծում եմ թե՛ ֆուտբոլով և թե՛ շախմատով հետաքրքրվող երեխաներն այսօր մեծամասնություն են կազմում, ինչը շատ ողջունելի է, քանզի առողջ մարմինն ու առողջ միտքը լավագույնս են զարգացնում երեխաներին:

 

 Հարցազրույցը վարեց լրագրող Մարիամ Ամիրխանյանը


Լրահոս