«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների նմանվող զանգվածների և դեղահաբերի ներթափանցման երկու դեպք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, զննության են ենթարկել կալանավորված անձ Դ․Ք․-ի անվամբ քաղաքացի Ս․Խ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննությամբ ծառայողները հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բյուրեղանման զանգվածներ։ Ավելի ուշ՝ ժամը 13։00-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները, դարձյալ օպերատիվ տեղեկությունների իրացմամբ, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Յ․-ին։ Արդյունքում՝ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է ռետինե փաթեթ, որում առկա են եղել AN627 գրառմամբ 77 հատ սպիտակ, ամբողջական դեղահաբ, նույն դեղահաբի կտորներ, ինչպես նաև՝ 1,6 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցի նմանվող, բաց դարչնագույն փոշեզանգված։  Քաղաքացիները ձերբակալվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Լրահոս