Մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, բռնություն գործադրել զինծառայողների նկատմամբ

ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, անտեսելով վերակարգի արգելքը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի և գնդի հերթապահի պահանջներին հակառակ, մի խումբ քաղաքացիական անձինք ապօրինի մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք՝ զորամասում ծառայող իրենց մտերիմ ժամկետային զինծառայողին վերաբերող ծառայողական բնույթի հարցի պարզաբանման նպատակով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Զորամասի հերթապահի պահանջով զորամասի տարածքից դուրս գալուց հետո, անմիջապես դարպասների դիմաց, նույն հարցի կապակցությամբ նրանք վիճաբանել են իրենց ծառայողական գործունեությունը կատարող, զորամասի գումարտակի սպայի և պայմանագրային մեկ զինծառայողի հետ, որի ընթացքում միմյանց փոխլրացնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խոչընդոտելով զորամասի՝ տվյալ ժամանակ օրվա կարգացուցակով նախատեսված բնականոն աշխատանքը, հարվածներ հասցնելով բռնություն են գործադրել հիշյալ զինծառայողների նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։ Միաժամանակ քաղաքացիական անձանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել դեպի օդ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիսիան քաղաքի բնակիչ հանդիսացող 3 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՀՀ քննչական կոմիտեն խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, զորամասի անձնակազմի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու, արգելված որևէ գործողություն կատարելու փորձերից։ Նման դեպքերում ՀՀ քննչական կոմիտեն գործադրելու է իրավաչափ ամենախիստ միջոցները՝ նման արարքներ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս