Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար․ Մելիքյան
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ գործով նախնական դատալսումներին Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ պաշտպանյալներին մեղսագրվում է մի արարք, որը իրավաբանական հանրության մեջ, հանրային տիրույթում ընդամենը 2 ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ հանցագործություն է։
«Մեր երկրում ապաքրեականացվել է ծանր վիրավորանքը։ Քաղաքական խոսք արտահայտելիս, կոշտ խոսք արտահայտելիս՝ անգամ վիրավորական, դա միանգամայն թույլատրելի վարքագիծ է՝ քրեական իրավունքի տեսանկյունից»,-ասաց նա։
Փաստաբանը հայտարարեց, որ Արդարադատության նախարարը հրապարակավ ասել է, որ ծանր վիրավորանքը ապաքրեականացնում են, վերադարձնում մարդու իրավունքների տիրույթ, այս արարքը արդեն իսկ հաստատված հանցավոր արարք ասելը և դեռ մի հատ էլ ասել նորը կկատարեն՝ իրավաչափ լինել չի կարող»,-ասաց նա։
Մելիքյանը նաև նշեց, որ մեղադրանքը վերաբերում է մի արարքի, որի հանցավոր լինելը չի եղել իրավական ավանդույթում։ «Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար»,-ասաց նա և նշեց, որ հանցանք գործելու ռիսկի առումով բերված փաստարկները կիրառելի չեն։