Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու մեր պետությունը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Ռուսաստանը չի օգնում Հայաստանին։ «Չեն օգնում, ասում են՝ տեսնենք, հասկանանք, մտածենք։ Մեր երկիրը, մեր մարդիկ անսահման չեն, անծայրածիր չեն ու մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների, մեր երկրի սահմանների հաշին սպասենք, թե մեր դաշնակիցը երբ է օգնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ըստ Սիմոնյանի՝ Ռուսաստանը «իր վրայից գցում է պարտավորությունները»։ «Մեզ համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք՝ անվտանգային այս համակարգը չի գործում»,- ընդգծեց նա։ ԱԺ նախագահի գնահատմամբ՝ անվտանգային այլընտրանքը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաև անհույս փորձ անել՝ վերակենդանացնելու ՀԱՊԿ-ը։ «Մենք հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ պաշտպանելու մեր պետությունը։ Հիմա եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգի խանգարում է՝ իրենց խնդիրն է»,- նշեց նա։ Սիմոնյանը վստահեցրեց՝ ՆԱՏՕ-ի մասով որևէ քննարկում չի եղել, իսկ ԵՄ-ի հետ, միանշանակ, ավելի են սերտացնելու հարաբերությունները։

Լրահոս