«Մեղրիի երթուղին» ռուս սահմանապահների կողմից վերահսկելը նպատակահարմար է տարբեր տեսանկյուններից․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկման առարկա էր, սակայն ցավոք, այժմ այդ աշխատանքները, հայկական կողմի դիրքորոշման պատճառով, դադարի մեջ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև «Զանգեզուրի միջանցքը» ռուս սահմանապահների վերահսկողությամբ շահագործելու հարցին, որը նրան ուղղել է ադրբեջանցի լրագրողը։ «Ինչ վերաբերում է «Մեղրիի երթուղին» ռուսական սահմանապահ ծառայության կողմից վերահսկելուն, ապա դա տրամաբանական է և՛ այդ երթուղին օպտիմալ կերպով կազմակերպելու տեսանկյունից, և՛ տնտեսական տեսանկյունից։ Ռուս սահմանապահներն այդպես, թե այնպես, տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի հարավում, նրանք հսկում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը չի կարող այլընտրանք հանդիսանալ «Զանգեզուրի միջանցքին»։ «Մենք չենք կարծում, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է այլընտրանք հանդիսանալ Մեղրու կամ մեկ այլ երթուղուն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ «Խաղաղության խաչմերուկը» ավելի ընդգրկուն նախագիծ է՝ վերաբերող ընդհանուր՝ տարածաշրջանային հաղորդակցություններին։

Լրահոս