Մեկ շաբաթում սակրավորներն Արցախում հայտնաբերել են 224 միավոր ռազմամթերք

Հունիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1101 զանգ: Կանչերից 9-ը տեխնածին, 38-ը՝ կենցաղային բնույթի են: Տարվա այս սեզոնին օձերի ակտիվացման շրջանի հետ կապված՝ ավելացել է սողունների հայտնաբերման մասով կանչերի թիվը: Թունավոր օձերի հայտնաբերման 11 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ մայրաքաղաքում, 2-ը՝ Մարտակերտի և մեկական դեպքեր՝ Ասկերանի և Մարտունու շրջաններում: Վիճակագրության համաձայն, սողունների հայտնվելու մասով կանչերի մեջ գերակշռում են բնակելի տարածքներից հայտնաբերման դեպքերը: ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս տանը կամ տնամերձ այգիներում, հասարակական վայրերում օձ նկատելու դեպքում՝ անմիջապես զանգահարել ծառայության թեժ գիծ՝ 911 կարճ հեռախոսահամարին: Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը: Հրդեհի վերաբերյալ գրանցվել է 4 կանչ՝ տրանսպորտային միջոցում, օժանդակ շինությունում և էլեկտրալարերում: Արձանագրվել է նաև հրդեհի վերաբերյալ կեղծ ահազանգի մեկ դեպք: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում տեղացած հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով, Ստեփանակերտում և Ասկերանի շրջանում փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, մոտոպոմպով իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ: Հունիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 6 դռան և 7 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերել են շուրջ 224 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք, որին զուգահեռ, բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով՝ իրականացվում է տարածքների մաքրման աշխատանքներ: Շուրջօրյա ծառայության ընթացքում ՆԳՆ ծառայողները արձագանքում են բնածին, մարդածին և տեխնածին բոլոր կանչերին՝ իրականացնելով պատահարների հետևանքների մեղմացման և համապատասխան կանխարգելիչ գործողուններ:

Լրահոս