Մարդիկ Բագրատ Սրբազանից հստակ ծրագիր ու հայեցակարգ են սպասում. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանի դեմ ցանկացած պայքար կարևոր է, քանի որ պետք է ցույց տալ, որ ժողովուրդն ու Փաշինյանը մեկ ամբողջություն չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ մեկնաբանելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորած Սրբազան շարժումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը վերջապես պետք է հասկանան, որ վարչապետի հրաժարականի պահանջով լեցուն հրապարակը ցուցիչ է, որ ներկայիս իշխանությունը և իշխանության կուսակցությունը սպառել են ժողովրդի վստահությունը։ «Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը համախմբվեց ոչ թե քաղաքական կամ հասարակական գործչի, այլ հոգեւորականության ներկայացուցչի շուրջ, որը նույնականացվում է հայի ինքնության հիմնարար տարրերից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Շարժմանը նպաստում է նաև այն, որ 2018 թվականից սկսած Փաշինյանն ու իր կողմնակիցները ակտիվ պայքար են մղում եկեղեցու դեմ»,- ասաց Ղուկասյանը։ Միաժամանակ նա նշեց, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը նաև լուրջ սխալներ է թույլ տալիս. «Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի ժամանակաշրջանի համար ռեկորդային թվով ցուցարարներ էին հավաքվել։ Ժողովուրդը կոնկրետ գործողությունների ծրագրի էր սպասում, փոխարենը Բագրատ Սրբազանը նրանց տուն ուղարկեց։ Շատերը գնացին ու չվերադարձան։ Այդ պահից բողոքի ակցիաները սկսեցին մարդկանց թվաքանակով նվազել»,- մատնանշեց քաղաքագետը։ Բացի այս, շարունակեց նա, Բագրատ Սրբազանն իր շուրջ է հավաքել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց ժողովուրդը չի սատարում։ Եվ այս գործոնը նույնպես բացասաբար է անդրադառնում բողոքի ցույցերի հեռանկարների վրա։ Արման Ղուկասյանը հատուկ ընդգծեց, որ նույն պլանը կրկնելը, որով Փաշինյանը 6 տարի առաջ եկավ իշխանության, լավագույն տարբերակը չէ և դժվար թե երկրորդ անգամ աշխատի. «Ժողովուրդը հոգնել է Փաշինյանի հրաժարականի դեկլարատիվ պահանջներից: Այո՛, Փաշինյանն այսօր չափազանց ոչ պոպուլյար գործիչ է, բայց Բագրատ Սրբազանի պայքարն իշխանության դեմ՝ առանց Հայաստանի ապագայի հստակ հայեցակարգի ներկայացման, վստահություն չի ներշնչում ճնշող մեծամասնությանը։ Մարդիկ նրանից և հնարավոր նոր կառավարությունից սպասում են երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագիր, սակայն Սրբազանը դա չներկայացրեց։ Բայց հենց դա էր պահանջվում հանրահավաքի առաջին իսկ օրը»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը նշեց, որ նա շարունակում է վարել Հայաստանի շահերից չբխող արտաքին քաղաքականություն։ Եվ ակնհայտ է, որ երկիրը չի կարող գնալ որևէ ճանապարհով, որը պայմանականորեն կարելի է անվանել «հակաուղի». «Այսօր մենք չենք կարող լինել հակառուսական, հակաարևմտյան, հակաիրանական և այլն։ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այլև կարողացավ վատթարացնել հարաբերությունները արտաքին քաղաքական բազմաթիվ խաղացողների հետ։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կա որոշակի ճգնաժամ, բայց ես չեմ տեսնում հայկական կողմի կամքը այս իրավիճակը կարգավորելու ի շահ հենց Հայաստանի։ Մեր երկիրը տնտեսապես էապես շահում է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններից, ինչը հայտարարում են նաև Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները։ Մեր շահերից է բխում լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ումից ունենք տնտեսական լուրջ օգուտներ։ Մենք մեր շահերն ունենք նաև արևմտյան երկրների հետ, և իշխանությունների դերը հենց դրանում է, որ աշխատանք տանեն բոլորի հետ, որը բխում է մեր պետության շահերից և ոչ թե դառնալ մեծ տերությունների շահերի առճակատման ասպարեզ և մի բան էլ կրակի վրա յուղ լցնել»,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ձգտում է իշխանության, պետք է հստակ ներկայացնի իր ծրագիրը ոչ միայն ներքին խնդիրների լուծման, այլ նաև արտաքին ուղենիշների վերաբերյալ, թե ինչպե՞ս ենք կառուցելու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։

Լրահոս