ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանին դիմել են արտադատական և կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական և հոգևոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների իրավունքի իրացման, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց և աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների և հետևանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաև Կանանց և աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը Վերոհիշյալ նամակը վերաբերում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։ ՄԱԿ-ի մանդատակիրները հրապարակել են այս հաղորդագրությունը, քանի որ Ադրբեջանին ուղղված իրենց հարցմանը սահմանված ժամկետում (60 oր) պատասխան չեն ստացել: ՄԱԿ մանդատակիրները նշում են, որ կատարվածը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն, քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ, մասնավորապես, խոսքը գնում է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների խախտման մասին: Նրանք հիշեցնում են, որ մարտական գործողությունների ընթացքում կամ դրա շրջանակում ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց սպանությունները, դիակների անարգանքը խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքի համաձայն և համարվում է պատերազմական հանցագործություն: Ադրբեջանը խախտում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները: Այսպիսով, Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները: Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մանդատակիրները պատասխաններ չեն ստացել 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

Լրահոս