Ճիշտ նույն կեղծիքով հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին են համոզում, որ միակողմանի զիջումներից հետո, Ադրբեջանը դուրս կգա ՀՀ-ի օկուպացված տարածքներից

Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան, հիշեցնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորն ընդգծում է՝ ի՞նչ եղավ հետո՝ ամենից լավ գիտեն Արավուս, Տեղ և Կոռնիձոր գյուղի բնակիչները, որովհետև ադրբեջանցիներն այդպես էլ հետ չգնացին, իսկ մեր գյուղատնտեսական նշանակության հեկտարներով տարածքները վերածվեցին ադրբեջանական կրակակետերի: «Որտե՞ղ և ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր մարդկանց ստելով՝ հավաստիացումներ էին տալիս, թե Ադրբեջանի հետ բանակցում են` հետ կգնան», - հարց է հնչեցնում Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ ճիշտ նույն կեղծիքով փորձում են հիմա էլ ոսկեպարցիներին, բաղանիսցիներին և, առհասարակ, բոլորին համոզել, որ Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելուց հետո, Ադրբեջանը դուրս կգա տարբեր փուլերում ՀՀ-ի օկուպացված տարածքներից: «Այս ամենն իրագործելու ճանապարհին իշխանությունը դաշտ է նետել քաղաքական-քարոզչության վերջին ռեզերվները` համատարած կեղծիքի, այլանդակության ապահովման և իր հակապետական գործողությունների իրացման համար», - գրել է նա։

Լրահոս