Հունվարի 5-6-ը ոչ թե «Զատիկն» է, այլ` Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը. Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը ծանուցել է` այդ օրը «մեռելների զատիկ»-ը չէ

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանին զանգել ու հարցրել են, թե երբ է «մեռելների զատիկը»: Նա մանրամասն ծանուցում է ներկայացրել: «Ի գիտություն շատերին, և հատկապես մարզերի մեր ժողովրդին, որոնց մոտ ավանդույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար-տոն օրերին գնալ գերեզմաններ. 1. Նախ «Զատիկ» Եկեղեցին անվանում է Քրիստոսի Հարությանը, խորհուրդ ունենալով Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի ազատագրումը Եգիպտացիների գերիշխանությունից: «Զատել» բառն է, որ նշանակում է Հինը Նորից զատել, պահքը ուտիքից զատել, այսինքն բաժանել: Սիրելինե'ր հունվարի 5-6-ը ոչ թե «Զատիկն» է կամ «փոքր Զատիկը», այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը: Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց մեր մեջ: Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին: 2. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 5 տաղավար տոն՝ 1. Քրիստոսի Ծնունդը, 2. Քրիստոսի Հարությունը, 3. Քրիստոսի Պայծառակերպությունը, 4. Աստվածամոր վերափոխումը, 5. Խաչվերացը: Այս մեծագույն տոների հաջորդող օրը Եկեղեցին սահմանել է ննջեցյալների հիշատակության օր: Այսինքն՝ հունվարի 7-ը անփոփոխ «Մեռելոց» է՝ ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ ննջեցյալների հիշատակության համար և յավարտ պատարագի կատարվում է հոգեհանգստյան արարողություն և աղոթք է բարձրացվում բոլոր ննջեցյալների հոգիների հանգստության համար: Այդ օրը նոր կարող ենք գնալ գերեզմաններ, խունկ ծխել մեր ննջեցյալի հիշատակին, աղոթք բարձրացնել, և առհասարակ ողորմություն տալ նրանց հիշատակին: 3. Այսօր թյուրիմացություն է շատ-շատ տեղերում գերեզմաններ գնալ հենց տոն օրը: Սիրելինե՛ր, քրիստոնյաներիս համար վերոնշյալ բոլոր տաղավար տոները ուրախության տոներ են, որի ժամանակ պետք է ուրախանանք և լինենք Եկեղեցում` մասնակցելով խորհրդին: Իսկ սահմանված կարգով հաջորդ օրը հիշենք մեր Ննջեցյալներին: Խնդրում եմ շատ, ի նկատի ունեցե՛ք այս ծանուցումը»,- Facebook-ում գրել է Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը:

Լրահոս