ՀՀ վարչական դատարանը մերժել է ՔՊ-ի երկու հայցերն ընդդեմ «168 ժամ»-ի

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 08.09.2023 թվականին կայացված որոշումներով մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թվով երկու հայցերն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այս մասին տեղեկացնում է 168.am-ի փաստաբան Արտավազդ Կիվիրյանը։ «Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան փաստարկելով, որ «168 Ժամ» ՍՊԸ-ի կողմից www.168.am կայքում կատարված հրապարակումներով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների, ինչպես նաև ընտրությունների նախորդող օրն իբր իրականացվել է քարոզչություն: Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշումներով փաստվել է, որ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ որպես լրատվական գործունեություն իրականացնողի կողմից, քարոզչություն կատարված լինելու փաստն առկա չէ, որպիսի պայմաններում բացակայում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված արարքի կատարումը: Միաժամանակ, Դատարանը որոշել է յուրաքանչյուր հայցի մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հօգուտ «168 ԺԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30.000-ական ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում»,- գրել է փաստաբանը:

Լրահոս