ՀՀ-ում գործող որոշ միջազգային կազմակերպություններ դարձել են շահերի պաշտպան. Մամիջանյան

Եթե Նիկոլ Փաշինյանը  փնտրում է 44-օրյա պատերազմի հետևանքով հայ ժողովրդի գլխին թափված արհավիրքների պատճառը, ապա թող հայելու մեջ նայի: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Իր դավաճանության  պատճռով ստեղծված իրավիճակի պայմաններում կան հյրենասերներ, որոնք կազմում են ՀՀ եւ Արցախի բնակչության մեծամասնությունը: Նրանք պայքարելու են անվտանգ Արցախ, անվտանգ Հայաստան ունենալու համար: Ինչ վերաբերում է բուն ակցիային, ՀՀԿ-ն հայտարարել է, որ ցանկացած առողջ, իրապես ընդդիմադիր ազգային ուժի կողքին պատրաստ ենք կանգնել: Այս դեպքում նրանք ՀՅԴ-ի մեր գործընկերներն են: Պահանջն արդար է»,-ասաց նա: Մամիջանյանի խոսքով, շատ կարեւոր է, որ միջազգային կառույցներն աչք չփակեն այն ամենի նկատմամբ, ինչը տեղի է ունենում Արցախում. «Բայց չդադարող մղձավանջի պատճառը նստած է Հայաստանի Կառավարության շենքում, այսօր էլ Ազգային ժողովում ինչ-որ հանճարեղ մտքեր էր հայտնում»: Ըստ նրա՝ ցավալի է, որ Հայաստանում գործող որոշ միջազգային կազմակերպություններ, կամ իբր իրավապաշտպան կազմակերպություններ, վաղուց դարձել են շահերի պաշտպան։ «Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների գործերով նրանց լռությունը դրանով է բացատրվում։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա մենք, իհարկե, մեր լծակներն օգտագործում ենք Արցախի հարցը ճիշտ տրամաբանությամբ՝ ինքնորոշման իրավունքը բարձրաձայնելու համար։ Ես հասկանում եմ նաև որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումը, որովհետև անհնար է  պահանջել օտարազգի գործչից՝ լինել ավելի հայրենասեր, քան կարող է լինել մեր երկրի ոչ բարով ղեկավարը»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ միակ հարցը, որի շուրջ բանակցում է իշխանությունը, սեփական իշխանությունը պահպանելն է։ Նա նշեց, որ բանակցությունների առարկան Արցախի հայերի իրավունքներն են Ադրբեջանի սահմանադրության ներքո:

Լրահոս